Ազատության հրապարակից մեկնարկել է երթը՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» (ֆոտո)
ՔաղաքականությունԵրեւանի Ազատության հրապարակից քիչ առաջ մեկնարկել է «Սասն ծռեր» խմբի անդամների հարազատների եւ աջակիցների երթը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի մասնակիցները Ազատության հրապարակից ուղեւորվեցին դեպի Երեւանի Նուբարաշեն եւ Էրեեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ այսօր ժամը 14-ին մեկնարկելու է «Սասնա ծռեր» խմբի անդամների դատավարությունը:
NEWS.am-ի թղթակից հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ երթով իրենց աջակցությունն են ցույց տալիս «Սասնա ծռերի» տղաներին եւ հանրության ուշադրությունը հրավիրում «հայրենիքն ազատագրելու համար այդ քայլին գնացած տղաների վրա»:
Ալեք Ենիգոմշյանը նաեւ նշեց, որ դատավարությունից որեւէ ակնկալիք չունի: Նրա խոսքով, Հայաստանում դատարաններն անկախ չեն եւ դատավարության մեկնարկը դրական է միայն նրա համար, որ այդքան ժամանակ իրենց ձայնը արտահայտել չկարողացող «Սասնա ծռերի» անդամները կկարողանան ասել այն, ինչի համար իրենք գնացել են այդ քայլին :
Այս պահին երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են, նրանք վանկարկում են «Ազատություն «Սասնա ծռերին», «Ազատվենք ներքին թշնամուց», «Սասնա ծռերը» ռազմագերիներ են»: Նրանք իրենց հետ բերել են նաեւ խմբի անդամների նկարներով պաստառներ :