Կառավարությունը պետք է սովորի՝ եթե ինչ-որ ցանկ է բերում, դա ինչպես որ մտավ, այդպես էլ չպետք է դուրս գա. Ռուստամյան
ՔաղաքականությունՄեր հասարակության մեջ անվստահության մթնոլորտ կա սեփականաշնորհման պրոցեսի հետ կապված: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա կարեւոր համարեց պետության դերը սեփականաշնորհման գործընթացում: Ռուստամյանը նշեց, որ կարեւոր է, թե պետությունն ինչպիսի պատասխանատվություն է դնում սեփականատիրոջ առջեւ, դրված ցուցանիշները եթե չբավարարվեն, սեփականատերը պետք է իմանա, որ կարող է սեփականությունից զրկվել:
«Մեր հասարակության մեջ անվստահության մթնոլորտ կա սեփականաշնորհման պրոցեսի հետ կապված: Սակայն, այս օրենքի նախագիծը նախորդներից տարբերվում է՝ մենակ չոր ցանկ չեն բերում, ինչպես ժամանակին այս բոլոր օբյեկտները սեփականաշնորհում էին եւ արի գնա էդ օբյեկտների պատմությունը հանի, հասկացի, թե ինչն է մղել, որ կառավարությունն այդպիսի ցանկ է ներկայացրել»,-ասաց նա:
Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս անգամ այդպիսի խնդիր չկա, կառավարության ներկայացրած ցանկում կա, թե ինչու է այդ սեփականաշնորհումը կատարվում, ինչ նպատակ է հետապնդում, ինչ սկզբունքներ պետք է բավարարվեն սեփականաշնորհման գործընթացով:
«Այս առումով, ես ուզում եմ մեթոդաբանութան մասին խոսել. կառավարությունը պետք է սովորի, որ եթե ինչ-որ ցանկ է բերում, ուրեմն այդ ցանկը ինչպես որ մտավ, այդպես էլ չպետք է դուրս գա Ազգային ժողովից: Ազգային Ժողովը պետք է ֆիլտրեր դնի, սկզբունքներ, որով երկու հիմնական հարցերի պատասխանները պետք է տրվեն՝ ինչու է անհրաժեշտ սեփականաշնորհումը եւ որոնք ենք այդ ցուցանիշները, որոնց հիման վրա գնում ենք այդ քայլին»,-ասաց նա: