Իմ որդին 35-40 տարեկան չափված, ձեւված տղա է. Մուրադ Մուրադյանը՝ Բելառուսում որդու ձերբակալման մասին
ՔաղաքականությունԵս Բելառուսում չեմ եղել, սուտ պատմություններ են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը՝ անդրադառնալով Բելառուսում իր որդու ձերբակալության մասին տեղեկություններին:
«Իմ որդու գործերը լավ են, ազատության մեջ է, իմ որդին 35-40 տարեկան չափված- ձեւված տղա է, ոչ մի պատմության մեջ էլ չի ընկել»,-ասաց ՀՀԿ պատգամավորը:
Հարցին, թե այս պահին որտեղ է որդին՝ Հայաստանո՞ւմ, Մուրադ Մուրադյանն, ըստ էության, չպատասխանեց՝ ասելով, որ դա իր որդու գործն է:
Հեռանալուց առաջ Մուրադ Մուրադյանը խոստացավ լրջորեն զբաղվել մամուլի հրապարակումներով, այսինքն՝ դատական գործընթացներ սկսել «սուտ տեղեկություններ տարածելու համար»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ, Մուրադ Մուրադյանի որդուն Բելառուսում ձերբակալել են՝ նրա մոտ թմրանյութերի առկայության կասկածանքով, եւ Մուրադ Մուրադյանի բացակայությունն ԱԺ նիստերից բացատրվում էր դրանով: Ըստ մամուլի՝ հայրը մեկնել է Բելառուս, մոտ մեկ ամիս չարչարվել, սակայն որդուն ազատելու հարցը չի կարողացել լուծել, ձեռնունայն վերադարձել է: