Պոլիտեխնիկական համալսարանում «հակառակորդին խաղաղություն պարտադրող» զենք են մշակել
ՔաղաքականությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ականների ու նռնակների հեռակառավարման համակարգ են մշակել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մշակողների խմբի ղեկավար, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժոզեֆ Փանոսյանը։
Թիմն ինքնավար արեւային սնուցման, ինչպես նաեւ հեռավորությամբ ազդանշան փոխանցող համակարգ է մշակել։ Արկերի վրա արեւային մարտկոցներ կտեղադրվեն, սակայն առանց պաշտպանիչ ապակու, որպեսզի լույսը չանդրադարձվի եւ տեսադաշտում չհայտնվի։ Մարտկոցի ֆոտոտարրերը պավտած կլինեն լույս չտարածող բարակ ալմաստանման ածխածնային ժապավենով։ «Եթե նույնիսկ հակառակորդը հայտնաբերի արկերը, դրանք չի կարողանա չեզոքացնել։ Եվ կառավարարումը միայն մեր ձեռքում կլինի, իսկ փոխանցման ազդանշանը հուսալիորեն կծածկագրվի։ Հեռավորությամբ հնարավոր կլինի ցակացած պահի պայթյունի հրաման տալ»,- հստակեցրեց գիտնականը։
«Ինչու՞ ենք մենք հայտնում այդ համակարգի մասին։ Այն անհրաժեշտ է պաշտպանության համար, որպեսզի մոտ չթողնենք հակառակորդին։ Հարձակվողը դրանից օգուտ չունի։ Իսկ մենք ցանկանում ենք այնպես անել, որ մեր հակառակորդի հարձակվելու ցանկությունը կորչի։ Մենք նման ցանկություն չունենք»,- հավելեց Փանոսյանը։
«Այսպիսով հնարավոր կլինի լուծել երկու խնդիր՝ ե՛ւ ուժեղացնել մեր պաշտպանությունը, ե՛ւ հասկանալ՝ ով է հարձակվում, ով՝ պաշտպանվում։ Ամեն ինչ շատ ակնհայտ կդառնա։ Սա հակառակորդին խաղաղություն պարտադրելու առումով շատ գործուն համակարգ է»,- նկատեց մշակողների թիմի անդամ, մագիստրատուրայի բաժնում ուսանող Ջանիկ Սեւոյանը։
Փանոսյանի խոսքով՝ վերահսկողության համակարգը հնարավոր կլինի օգտագործել նաեւ քաղաքացիական կարիքների համար։ Այն ցանկանում են փորձել հակակարկտային կայանների համակարգում, որպեսզի դրանց կրակոցը կոորդինացվի միասնական կենտրոնում եւ ամպերն ամբողջությամբ հետ մղվեն, այլ թչ թե մեկ գյուղից մյուսը։
«Բայց մեզ համար այժմ կարեւոր է տեսնել, թե ինչպես է այդ տեխնոլոգիան լուծում պաշտպանության խնդիրները»,- ամփոփեց Փանոսյանը։