Կոշտ համակարգ, խաղի նոր կանոններ
ՔաղաքականությունՀՀ Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերում էր հարկային ՊԵԿ նախագահին: «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ միայն 2016-2017 թթ. տնտեսվարողների կողմից շուրջ 22 մլդ դրամ հարկային պարտավորությունների չկատարման հետեւանքով առկա է սնանկության ավելի քան երկու հազար հարյուր վարույթ: Չնայած որոշ տնտեսվարողների պարագայում հնարավոր է կիրառել սնանկության վարույթին այլընտրանքային միջոց, ավելին սնանկության կառավարիչների գործունեության արդյունավետությունը բավարար չէ իսկ սնանկության վարույթի տեւողությունը՝ երկար: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է թե վարչարարության կազմակերպման, թե օրենսդրության բացահայտման խնդիրներով»,- նշեց Կարապետյանը:
Ըստ նրա՝ խնդրահարույց է նաեւ այն, որ այդ ոլորտում հարկային պարտավորությունների մասով, գույքի, կամ դրամական միջոցների արգելադրումը կատարվել է հայեցողական, եւ ոչ համակարգված: Հաշվի առնելով վերոգրյալը Կարապետյանը հանձնարարեց. «ՊԵԿ նախագահին, երկուամսյա ժամկետում ուսումնասիրել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային պարտավորությունների հարկադատական կարգով, վարչական բռնագանձման եւ ծանուցման ինստիտուտի, ինչպես նաեւ համաչափ արգելադրման համակարգված կիրառման վերաբերյալ առաջարկություն»: Նա նաեւ հանձնարարեց Արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավոր կատարող Արթուր Հովհաննիսյանին երկուամսյա ժամկետում ուսումնասիրել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել սնանկության մասին օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկություններ: Այս ամենը պետք է կատարվի երկուամսյա ժամկետում: «Ուսումնասիրել ԴԱՀԿ-ի կողմի հարկադիր վարույթի տեւողության եւ այլ գործնական, օրենսդրական խոչընդոտները եւ դրանք վերածնելու ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ»,- հանձնարարեց վարչապետը:
Նա հայտարարեց, որ այս ամենը չափազանց կարեւոր գործընթաց է:
Ըստ նրա սնանկության գործընթացի կազմակերպումը շատ քիչ առողջացման ծրագրեր ունեն: «Դա ընդհանրապես դառնում է շատ անկառավարելի, սուբյեկտիվ գործընթաց: Այստեղ շատ կոշտ պետք է մտցնենք համակարգ եւ խաղի կանոններ»,- հանձնարարեց վարչապետը: