Վատիկանում Հռոմի պապի եւ Թրամփի հանդիպումը կես ժամ է տեւել
ՄիջազգայինՎատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը մոտ 30 րոպե է տեւել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Քահանայապետի հետ հանդիպման Թրամփը ժամանել է ԱՄՆ պատվիրակության 12 անդամների հետ։ Նրա կինը՝ Մելանյան եւ դուստրը՝ Իվանկան, ըստ Վատիկանի օրենքների, մուգ զգեստներ են հագել, գլուխները ծածկել գլխաշորով։
Կարճ ողջույնից եւ ձեռքսեղմումից հետո Ֆրանցիսկոս պապն ու Թրամփն առանձնացել են Առաքելական գրադարանի դահլիճում։ Կես ժամ տեւած զրույցից հետո Թրամփը Հռոմի պապին է ներկայացրել պատվիրակության բոլոր անդամներին, ներառյալ՝ Իվանկայի ամուսին Ջարեդ Քուշներին։ Քահայանապետը Թրամփին է նվիրել ձիթենու ճյուղի պատկերը՝ որպես խաղաղության խորհրդանիշ եւ իր առաջին երեք ուղերձների տեքստերը։ Ֆրանցիսկոս պապը Մելանյա Թրամփից հարցրել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում նրանց ընթրիքի մասին։ Վերջինը ծիծաղելով պատասխանել է, որ իրենք պիցցա են կերել։
Ներկա պահին ԱՄՆ նախագահը հանդիպում է իրականացնում Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ Իսկ ԱՄՆ պատվիրակության հյուրերի համար էքսկուրսիա է կազմակերպվել Սիքստինյան մատուռ եւ Սուրբ Պետրոսի տաճար։