Բրյուսելի քաղաքապետն արգելել է Թուրքիայի նախագահի կողմնակիցների ակցիան
Ուշադրության կենտրոնումԲրյուսելի քաղաքապետ Իվան Մայորը, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելել է Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմնակիցների ակցիան, որը նրանք մտադիր էին անցկացնել մայիսի 24-ին՝ Բելգիայի մայրաքաղաք Էրդողանի այցի օրը:
«Նախագահ Էրդողանի լիազորություններն ընդլայնող սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամանակ Թուրքիայի դեսպանատան մոտ բախումներ գրանցվեցին նրա կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ՝ սառը զենքի գործադրմամբ: Դա վատ ավարտ ունեցավ, վիրավորներ եղան»,- RTBF-ի եթերում պարզաբանել է քաղաքապետը:
Թուրքիայի նախագահը Բրյուսել է ժամանելու՝ մայիսի 25-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար:
Մարտի 30-ին Բրյուսելում Թուրքիայի դեսպանության մոտ բախումների ժամանակ առնվազն 5 մարդ է վիրավորվել: Բախումներին 150-200 մարդ է մասնակցել: