Վրաստանը 325 «օրենքով գողի» է գրանցել
ՀասարակությունՎրաստանի ՆԳՆ-ն վրացական ծագում ունեցող 325 «օրենքով գողի» է գրանցել, որոնց մեծամասնությունը գտնվում է հետխորհրդային տարածքում եւ Եվրամիության երկրներում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը։
Խուցիշվիլին Եվրոպայի հետ արտաքին կապերի եւ ինտեգրացիայի խորհրդարանական կոմիտեներին է ներկայացրել «Վրաստանի եւ Եվրոպայի ոստիկանական ծառայության միջեւ օպերատիվ եւ ռազմավարական համագործակցության» համաձայնագիրը։ Կոմիտեները հավանությանն են արժանացրել այն, եւ այժմ փաստաթուղթը պետք է վավերացվի լիագումար նիստի ժամանակ։
«Վրացական ծագում ունեցող 325 «օրենքով գող» է գրանցվել, որոնց շատ փոքր մասը գտնվում է Վրաստանի բանտերում, մյուսները՝ հետխորհրդային տարածքում ու Եվրամիությունում։ Երբ մի երկրում ապօրինի եկամուտ են նկատում, մյուսում՝ փողերի լվացում, Եվրոպոլի հետ համագործակցությունը մեղ հնարավորություն է տալիս տեսնել պատկերն ամբողջությամբ եւ չաշխատել միայն կոնկրետ երկրների հետ, որոնց հետ այսպես թե այնպես համագործակցում ենք», -ասել է Խուցիշվիլին։