Իրավապահները ստուգում են ծննդատների ցուցակները՝ արկղում մահացած հայտնաբերված նորածնի ծնողներին գտնելու համար
ՀասարակությունԿոտայքի մարզի Հրազդան քաղաքի այգիներից մեկում մայիսի 15-ին արկղի մեջ մահացած հայտնաբերված երեխան արական սեռի է եղել, նախնական տվյալով՝ առավելագույնը մեկ օրվա ծնված: Այս մասին հայտնում են իրավապահ մարմիններում NEWS.am-ի աղբյուրները:
Դեռեւս պարզ չեն երեխայի մահվան հանգամանքները, ովքեր են նրա ծնողները եւ ինչպես է երեխան հայտնվել այնտեղ: Մեր տեղեկություններով, ոստիկանությունն այժմ ստուգում է ոչ միայն Հրազդանի, այլեւ Հայաստանի մյուս ծննդատներում հաշվառված ծնունդների ցուցակները, ինչպես նաեւ քննչական գործողություններ են իրականացվում Հրազդանի թաղամասերում եւ շրջակա գյուղերում երեխայի ծնողների հետքի վրա դուրս գալու համար:
Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի՝ արդյոք երեխան մահացած է ծնվել, եթե ոչ, արդյոք մահը բռնության հետեւանք է:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդանում խոտերի վրա արկղի մեջ դրված նորածնի դի կա: Նորածնի դին փաթաթված է եղել պոլիէթիլենային պարկով: