Ինչու է Էնրիկո Ապրիամովն ազատվել պաշտոնից. 4 ամիս առաջ տեղի ունեցած վթա՞րն է պատճառը
ՔաղաքականությունԳեներալ- լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է առողջական խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները :
Մեր տեղեկություններով՝ 63-ամյա գեներալ- լեյտենանտն Ամանորի նախաշեմին տեղի ունեցած վթարից հետո դեռ լիովին չէր կազդուրվել: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին ժամը 07։20-ի սահմաններում Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երասխավան ընթանալիս բախվել էր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին կառուցվող նոր կամրջի մոտ տեղադրված բետոնե սյանը եւ հայտնվել շինհրապարակում: Մեքենայում եղել է նաեւ գեներալ- լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Չնայած պաշտոնապես պնդում էին, որ նա թեթեւ վնասվածքներ է ստացել, մամուլում տեղեկություններ կային, որ գեներալը բավականին լուրջ վնասվածքներ էր ստացել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից եւ արձակվել զինվորական ծառայությունից:
Ապրիամովը Հայաստանի Զինված ուժերում ծառայում էր դրանց սկզբնավորման պահից: