Թրամփի կարծիքով՝ Փարիզի ահաբեկչությունը կազդի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների վրա
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Փարիզի ահաբեկչությունը կազդի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների վրա: «Ֆրանսիայում եւս մեկ ահաբեկչություն: Ֆրանսիայի ժողովուրդը դա այլեւս չի հանդուրժի: Մենք կտեսնենք, թե դա որքան ուժգին կանդրադառնա նախագահական ընտրությունների վրա»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը:
Ապրիլի 20-ի երեկոյան Փարիզում՝ Ելիսեյան դաշտերում զինված հարձակում է կատարվել ոստիկանական պարեկի վրա՝ ոստիկանության աշխատակիցներից մեկը սպանվել է, երկու ոստիկան եւ մի կին զբոսաշրջիկ վիրավորվել են: Հարձակվողը գնդակահարվել է: Ֆրանսիայի նախագահական ընտրություններից 2 օր առաջ տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը, որը հարձակվողին անվանել է «Աբու Յուսեֆ Բելգիացի»: Ֆրանսիական լրատվամիջոցները, վկայակոչելով քննությանը, հայտնել են, որ հարձակումն իրագործել է 39-ամյա ֆրանսիացի Քարիմ Շյորֆին, որը նախկինում դատապարտվել է ոստիկանի դեմ մահափորձ կատարելու համար եւ անցել է ահաբեկչության գործով:
Կիրակի՝ ապրիլի 23-ին Ֆրանսիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների առաջին փուլը: