3 ամսում կարելի է ռուսական անձնագիր ստանալ
ՀասարակությունՕրենքի շրջանառության մեջ դրվելու պահից ի վեր հետխորհրդային մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների մոտ տպավորություն ստեղծվեց, թե այն վերաբերում է նաեւ իրենց, որ օրենքի ընդունմամբ պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն կարող են ստանալ նաեւ ՌԴ-ում աշխատող ու բնակվող, ինչպես նաեւ՝ ՌԴ մեկնելու ցանկություն ունեցող հայաստանցիները:
Սակայն, ըստ փաստաթղթի, պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն կարող են ստանալ այն ռուսալեզու հայրենակիցները, որոնց հարազատներն ու նախնիները բնակվել են Ռուսաստանի, Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ տարածքներում՝ «Ռուսաստանի Դաշնության ներկայիս պետական սահմանների շրջանակում»: Քաղաքացիություն ստանալու համար պայման է վերաբնակեցումը և մշտական բնակություն հաստատելը Ռուսաստանում, ինչպես նաև այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելը:
Պետդումայի պատգամավորները պարզաբանել են, որ օրենքի գործողությունը տարածվում է նաև Դաշնության նոր սուբյեկտների վրա՝ այսինքն Ղրիմի Հանրապետության ու դաշնային նշանակության Սիմֆերոպոլ քաղաքի վրա:
Սակայն ռուսաստանցի վերլուծաբանները միաժամանակ նաեւ հանգստացրել են միլիոնավոր ներգաղթյալներին քաղաքացիություն տալու հեռանկարից մտահոգված ռուսաստանցիներին՝ օրենքում խոսքը գնում է միայն նրանց մասին, ում նախնիներն ապրել են ներկայիս Ռուսաստանի Դաշնության տարածքում:
«Եթե, օրինակ, նախնիներն եղել են Վլադիմիրի շրջանից, բայց հետո տեղափոխվել Միջին Ասիա, ապա մարդը ստանում է համապատասխան իրավունքներ, իսկ եթե տասը սերունդ ապրել է Բուխարայում կամ Սամարկանդում, ապա փաստը, որ այդ տարածքները ժամանակավորապես հայտնվել են Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ տարածքում, ոչ մի կերպ չի ազդում քաղաքացիություն ստանալու իրավունքի վրա»,- ըստ PanARMENIAN.Net-ի, KM.ru-ին ասել է քաղաքագետ Եգոր Խոլմոգորովը:
Այնպես որ, ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ռուսական անձնագիր ստանալու մտադրություն ունեն, պետք է իրենց արմատներում Ռուսաստանում ապրած նախնի փնտրեն: