Բունդեսթագի գաղտնի փաստաթղթերը կարող էր Wikileaks-ին փոխանցել կանցլերի աշխատակազմի աշխատակիցը
ՔաղաքականությունԱմերիկյան Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) զանգվածային գաղտնալսումների հետաքննությամբ զբաղվող գերմանական Բունդեսթագի հանձնաժողովի գաղտնի փաստաթղթերը կարող էին Wikileaks-ի տրամադրության տակ հայտնվել դաշնային կանցլեր աշխատակազմի աշխատակցի շնորհիվ: Այս մասին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով գերմանական NDR-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Բեռլինի գլխավոր դատախազությունը ստուգում է այս տեղեկությունը: Ամեն դեպքում, որեւէ կոնկրետ աշխատակցի հանդեպ կասկածներ դեռեւս չկան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փաստաթղթերի արտահոսքին կարող են առնչություն ունենալ ռուսաստանցի հաքերները, որոնք 2015 թվականի գարնանը կիբերհարձակում են գործել Բունդեսթագի համակարգի վրա: Բայց ավելի ուշ Der Spiegel-ը տեղեկություն հրապարակեց, որ փաստաթղթերը հափշտակած չարագործը, հավանաբար, Բունդեսթագի աշխատակիցներից է:
Փաստաթղթերը Wikileaks-ի կայքում հայտնվել են 2016 թվականի դեկտեմբերի 1-ին եւ թվագրված են 2014 թվականի գարնանից 2015-ի հունվարն ընկած ժամանակահատվածով: Դրանք Բունդեսթագի աշխատակազմի սերվերում են պահվել, որոնց հասանելիություն են ունեցել ԱԱԳ-ի հարցերի հանձնաժողովում ներառված պատգամավորները: