Սակրամենտոյում բնակվող հայը խանութից 780 դոլարի իրեր է գողացել
ՄիջազգայինՍակրամենտոյի բնակիչը մեղավոր է ճանաչվել Դեյվիսում Target խանութի կողոպտման մեջ։ 2017-ի ապրիլի 18-ին շրջանային դատախազ Ջեֆ Ռեյզիգը հայտնել է, որ ապրիլի 17-ին Յոլո շրջանի ատենակալների դատարանը 29-ամյա Ադամ Ներսեսյանին՝ Սակրամենտոյից, մեղավոր է ճանաչել կողոպուտի մեջ։ Ատենակալները նաեւ պարզել են, որ կողոպուտի ընթացքում դանակ է կիրառվել, հաղորդում է Slavicsac-ը։
2016 թվականի ապրիլի 4-ին, ցերեկը՝ մոտ 12։30-ին, Ներսեսյանը մտել է Target խանութ, ընդհանուր 780 դոլար արժողությամբ կոսմետիկ իրեր ընտրել եւ դրանք թաքցրել սառույցի համար նախատեսված տարայում, որը եւս գողացված է եղել։ Խանթուից դուրս գալիս նա սպառնացել է խանութի հսկիչին, ապա վազել եւ նստել իրեն սպասող ավտոմեքենան։ Անցորդներից մեկը նկատել է նրա տարօրինակ վարքագիծն ու լուսանկարել ավտոմեքենան։ Լուսնկարներով Դեյվիսի ոստիկանական բաժինը հայտնաբերել է ավտոմեքենայի սեփականտիրոջը, ով այլ շրջանում է բնակվում։
Մեկ շաբաթ տեւած ատենակալների դատավարությունն ավարտվել է ուրբաթ օրը՝ 2017-ի ապրիլի 14-ին։
Դատավոր Դեւիդ Ռոզենբերգը, ում նախագահությամբ անցել է դատավարությունը, Ներսեսյանի դատավճիռը կհայտարարի 2017-ի մայիսի 26-ին։ Նրան մինչեւ 6 տարվա կալանք է սպառնում։