Վարչապետը ուղերձ է հղել Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Քեցյանին
ՔաղաքականությունՎարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի վարչապետ Լի Քեցյանին: Ուղերձում մասնավորապես նշված է. «Անցած 25 տարիների ընթացքում Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխգործակցությունը զգալի զարգացում է ապրել, ինչն արտահայտվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, միջազգային հարթակում արդյունավետ համագործակցությամբ, տնտեսական համագործակցության դրական դինամիկայով, ինչպես նաեւ մշակութային եւ կրթական փոխանակումների ընդլայնմամբ: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի եւ Չինաստանի միջպետական հարաբերությունների զարգացումն ընթացել է երկու երկրների կառավարությունների կողմից անընդհատ գործադրվող ջանքերի եւ արդյունավետ համատեղ աշխատանքի պայմաններում:
Վստահ եմ, որ հայ չինական տնտեսական համագործակցությունն ունի զգալի ներուժ, եւ այն խթանելու եւ զարգացնելու նպատակով պատրաստ եմ Ձեզ հետ, մեծարգո պարոն վարչապետ, համատեղ ջանքեր գործադրել՝ ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների:
Մաղթում եմ Ձերդ գերազանությանը քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն եւ բարօրություն»: