Թուրքիայի Մեջլիսի չորս նախկին նախագահները դեմ են արտահայտվել Էրդողանի լիազորությունների ընդլայնմանը
ՄիջազգայինԹուրքիայի Մեջլիսի 4 նախկին նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ դեմ են Թուրքիայում սահմանադրական փոփոխություններին ու կառավարման նախագահական համակարգի հաստատմանը, այս մասին հայտնում է թուրքական gazetekarinca.com կայքը:
Խորհրդարանի նախկին նախագահներ Հուսամեթթին Չինդորուքը, Հիքմեթ Չեթինը, Քայա Էրդեմն ու Օմեր Իզգին կոչ են արել ժողովրդին դեմ քվեարկել նախագահ Էրդողանի լիազորություններն ընդլայնող սահմանադրական փոփոխությունների նախագծին:
Նշենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր:
Էրդողանը պնդում է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի սահմանման հարցում՝ խորհրդարանականի փոխարեն, որը երկրում գործում է 1923-ին Թուրքիայի Հանրապետության կազմավորման սկզբից ի վեր:
Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։