ՀՀԿ-ի հետ «Ելք» դաշինքը որեւիցե դեպքում կոալիցիա չի կազմի. Ալեն Սիմոնյան
ՔաղաքականությունNEWS.am-ը գրում է.
Հայաստանի հանրապետական կուսակցության հետ «Ելք» դաշինքը որեւիցե դեպքում կոալիցիա չի կազմի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը:
«Մենք ասել ենք, որ հանրապետական կուսակցության հետ մենք որեւիցե դեպքում կոալիցիա չենք կազմի, մնացած գործընկերներից մենք առաջարկ չենք ստացել եւ նման հարց չենք էլ քննարկել, մեր օրակարգում այսօր նման հարց չկա ու իմ կարծիքով, դժվար էլ լինի»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններն անցել են պետական ռեսուրսի օգտագործմամբ եւ ընտրակաշառք բաժանելով:
«Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են տոտալ պետական ռեսուրսի օգտագործմամբ եւ գումար բաժանելով, եւ ես զարմանում եմ եւ շատ վրդովված եմ, որ փաստացի հանրությունը տեղյակ է եւ գիտի ընտրակաշառքի գոյության մասին, բայց իրավապահ մարմիններն արդեն որերորդ տարին է` որեւիցե դեպք չեն կարողանում ֆիքսել: Երբ մենք այդ հարցը բարձրացնում ենք, ասում են` բերեք ապացույց: Ներեցեք, բայց գող բռնելու եւ ընտրակաշառք բաժանողին բռնելու իրավասությունը դրված է իրավապահ մարմինների վրա, այլ ոչ թե քաղաքացու, որը պետք է վազի, նկարի, ձայնագրի: Այդ ֆոնի վրա ընտրությունների պատկերն այն է, ինչ այսօր ունենք»,-ասաց նա: