Դավութօղլուն ու Գյուլը միավորվել են Էրդողանի դե՞մ. լրատվամիջոցներ
ՄիջազգայինԹուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն ու նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն սկսել են ավելի հաճախակի հանդիպել։ Ըստ թուրքական լրատվամիջոցների` նրանց մտերմանալու պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունների ընդլայնմանը դեմ լինելն է:
Ինչպես հայտնում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը` Դավութօղլուն և Գյուլը, որոնց հարաբերությունները նախկինում այդքան էլ հարթ չէին, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին ընդառաջ սկսել են հաճախակի հանդիպումներ ունենալ, ընդ որում` նրանք երկուսն էլ ակնհայտ խուսափում են պատասխանել հարցին, թե արդյոք կողմ են կառավարման նախագահական համակարգին անցմանը, թե ոչ։
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը` Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության «հետնաբեմում» խոսակցություններ կան, որ երկրի 11-րդ նախագահ Գյուլը նույնպես դեմ է գործող նախագահ Էրդողանի լիազորությունների ընդլայնմանը: Հայտնի է, որ Գյուլը հրաժարվել է մասնակցել իշխող կուսակցության նախընտրական քարոզարշավին
Նշենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: