Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 14-ի
Ուշադրության կենտրոնումՍանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվն ավելացել է՝ 11-ից հասնելով 14-ի, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային:
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ տուժածների թիվը գերազանցում է 50-ը:
Մինչդեռ ադրբեջանական ԱՊԱ կայքը հավելում է, որ զոհերի և վիրավորների թվում կա 1-ական ադրբեջանցի, որոնք ՌԴ քաղաքացիներ են հանդիսանում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հաստատել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում երեկ իրականացված պայթյունի կազմակերպման համար կասկածվող մահապարտի ինքնությունը:
«Մենք հաստատում ենք, որ ահաբեկչության կասկածյալը ծնունդով Ղրղզստանից, 1995 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի Ակբարժոն Ջալիլովն է»,- հայտնել է գերատեսչության մամուլի ծառայության ներկայացուցիչը: