Թուրքիայի քրդամետ կուսակցության հանրահավաքն արգելվել է
ՄիջազգայինԹուրքիայի Մանիսայի նահանգապետարանն արգելել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը սահմանադրական հանրաքվեին ընդառաջ հանրահավաք կազմակերպել նահանգի նույնանուն կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը:
Որպես մերժելու պատճառ են բերվել Մանիսայում հնարավոր ահաբեկչության մասին նահանգապետարանի ունեցած տվյալները: Միաժամանակ կուսակցությանը հայտնել են, որ եթե նրանք չենթարկվեն կարգադրությանն ու հանրահավաք կազմակերպեն, ապա նահանգապետարանը կմիջամտի դրան:
Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսված է սահմանադրական հանրաքվե:Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի:
Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական: