Արեք մեկնաբանություն չտամ, մի շտապեք. Վարդան Այվազյանը չընտրվելու մասին
ՔաղաքականությունԿոտայքի մարզում Հայաստանի Հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածու Վարդան Այվազյանը, պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչո՞ւ ժողովուրդը իրեն չընտրեց, լավ չէ՞ր աշխատում վերջին տարիներին, ասաց. «Արեք մեկնաբանություն չտամ, մի շտապեք»:
Ճշտող հարցին, թե դեռ շանսեր ունի՞ խորհրդարան մտնելու, Այվազյանը պատասխանեց. «Արեք դրանից ավել բան չասեմ»:
Նշենք, որ Թիվ 10՝ Կոտայքն ընդգրկող ընտրատարածքից, որտեղ առաջադրված էր Վարդան Այվազյանը, ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից պատգամավորի մանդատ են ստացել ՀՀ վարչապետի խորհրդական Սամվել Սանամյանն ու Անդրանիկ Հարությունյանը: Սամվել Սանամյանը ստացել է 12 654, Անդրանիկ Հարությունյանը՝ 11 324, իսկ Վարդան Այվազյանը՝ 7226 ձայն: ՀՀԿ համամասնական ցուցակում էլ Այվազյանը 159-րդ տեղն է զբաղեցնում:
Վարդան Այվազյանը նաև հերքեց մամուլով շրջանառվող այն տեղեկությունը, թե ձայների հաշվարկի ժամանակ տեսնելով, որ պարտվում է, գիշերով հաշվի է կանչել «Ծառուկյան» դաշինքի Կոտայքի մարզի թիվ 10 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու Դավիթ Մանուկյանին՝ Անդրանիկ Մանուկյանի որդուն և նույն ընտրատարածքի ՀՀԿ-ական թեկնածու Բարսեղ Բեգլարյանի փեսա Սամվել Սանամյանին: Ըստ մամուլի՝ Այվազյանը, մասնավորապես, ասել է. «Դուք փող եք բաժանել, ու սա ձեր իրական հաղթանակը չի»:
«Իհարկե, դա չի համապատասխանում իրականությանը: Հիմա որ դատի տամ, սկսելու են ինչ-որ ձեներ հանել: Իրենք իրենց մոգոնում, գրում են էլի: Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, իրենց հարցրեք, իրենք ավելի լավ գիտեն: Ոնց որ էն մնացածն ա համապատասխանում իրականությանը, էդ էլ կհամապատասխանի»,- ասաց Այվազյանը: