Թուրքիայի նախկին նախագահը դեմ է Էրդողանի լիազորությունների ընդլայնմանը. լրատվամիջոցներ
ՄիջազգայինԹուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը նույնպես դեմ է սահմանադրական փոփոխություններին ու կառավարման նախագահական համակարգի հաստատմանը, այս մասին գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
Աղբյուրը հայտնում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության «ետնաբեմում» խոսակցություններ կան, որ նախկին նախագահը նույնպես դեմ է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունների ընդլայնմանը:
Հայտնի է, որ Գյուլը հրաժարվել է մասնակցել իշխող կուսակցության նախընտրական քարոզարշավին, իսկ լրագրողների հարցերին ի պատասխան նշել է, որ չի բարձրաձայնելու իր քվեարկության մասին:
Նշենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր:
Էրդողանը պնդում է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի սահմանման հարցում՝ խորհրդարանականի փոխարեն, որը երկրում գործում է 1923-ին Թուրքիայի Հանրապետության կազմավորման սկզբից ի վեր:
Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։