Գալուստ Սահակյանի հեռանալուց հետո ընտրական տեղամասում խառնաշփոթ է սկսվել. դիտորդը բողոքում է
Ուշադրության կենտրոնում6/01 ընտրական տեղամասում, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի քվեարկությունից հետո խառնաշփոթ է սկսվել: NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, ընտրական տեղամասի դիտորդներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ տեսանկարահանվել, պնդում էր, որ քվեարկությունն ընտրախատումներով է ընթանում:
Նախ նա NEWS.am –ի թղթակցին խնդրեց անջատել տեսանկարահանող սարքը, ապա հայտնեց, որ ինչ-որ շղթայական խախտումներ են տեղի ունենում, պարբերաբար նույն մարդիկ են քվեարկողներին օգնում, ինչը օրենքի խախտում է. «Արգելված է, որ նույն մարդը մի քանի հոգու օգնի, այստեղ պետք է նախ օգնողը գրանցվի, ապա գա եւ քվեախցում օգնի քաղաքացուն: Այստեղ անհասկանալի բաներ են տեղի ունենում, նույն մարդը ով նույնիսկ չի էլ գրանցվում, ընտրողների հետ մտնում է քեվատուփ եւ օգնում քաղաքացիներին»,- ասաց դիտորդը:
Նրա խոսքով, հանձնաժողովի նախագահը տեսնում է այս խախտումը, սակայն իր նկատողությանն արձագանքում է, որ «իրենց մարդիկ են, թող գան եւ օգնեն, ինքը թույլ է տալիս»:
Դիտորդի խոսքով, ընտրատեղամասի նախագահը մեկ այլ խախտում էլ է թույլ տալիս. «Ընտրատեղամասում 15 հոգուց ավել մարդ չպետք է լինի, իսկ հանձնաժողովի նախագահը բոլորին թույլ է տալիս ներս մտնել եւ կուտակումներ առաջացնել»:
Ընտրական տեղամասի նախագահը, լսելով դիտորդի բողոքը, անմիջապես փորձեց կարգավորել կուտակումները՝ լեզվակռվի մեջ մտնելով դրսում քվեարկության սպասող մարդկանց հետ, նույնիսկ սպառնաց ոստիկան կանչել, եթե իրեն չենթարկվեն:
Ընտրատեղամասից դուրս գալիս NEWS.am-ի թղթակցին մոտեցավ մի երիտասարդ եւ «խորհուրդ տվեց» քիչ նկարել, այլապես շատ նկարելուց հագուստը կպատռվի:
Նշենք, որ ընտրատեղամասում անհանգիստ քվեարկությունը սկսվեց անմիջապես ԱԺ նախագահի հեռանալուց հետո, երբ տեղամասում ներկա լրագրողներն ու տեսախցիկները նույնպես հեռացան:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։
Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։