Ռոբերտ Սարգսյանն ավարտեց քարոզարշավը Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչների հետ հանդիպմամբ
ՔաղաքականությունԹիվ 1 ընտրատարածքում առաջադրված ռեյտինգային թեկնածու Ռոբերտ Սարգսյանը քարոզարշավի վերջին օրը հանդիպել է Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչների հետ: Շնորհակալություն հայտնելով ներկաներին հանդիպման համար՝ Ռոբերտ Սարգսյանը ներկայացրել է արդեն արված աշխատանքն ու առաջիկա ծրագրերը: «Այս չորս շաբաթվա ընթացքում ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ և Ավանի, և Նոր Նորքի և Քանքեռ-Զեյթունի բնակիչների հետ, ընդ որում տարբեր ձևաչափերով:
Գիտեք, որ թիվ 1 ընտրատարածքն արդեն ընդլայնվել է: Տեղյակ եմ, մեր ընտրատարածքի գրեթե բոլորի խնդիրներից: Իմ մոտեցումը, որպես պատգամավորի եղել է ոչ թե ամբիոնից ելույթներ հնչեցնելը, այլ մեր բնակիչների կողքին լինելը, իմ լիազորությունների շրջանակում նրանց աջակցելը: Ունեցել եմ առանձին ընդունելության օրեր մեր քաղաքացիների համար: Ես խոստումներ չեմ տալիս, ես առաջարկում եմ, որ դուք ապրիլի 2-ին վստահեք մեզ, մեր փորձառու թիմին, որը վերջին տարիներին իր միասնական աշխատանքով պատասխանատու է եղել թիվ 1 ընտրատարածքում: Առաջարկում եմ միանալ մեր մեծ ընտանիքին և միասնական կերպով զարգացնել մեր ընտրատարածքը»: Ամփոփելով իր խոսքը Ռոբերտ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պատգամավորությունն իր համար ժողովրդին ծառայելու ճանապարհ է:
Հանդիպման ավարտին բնակիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել անմիջական և ջերմ զրույցի համար՝ հույս հայտնելով, որ առաջիկայում պատգամավորի հետ կհանդիպեն իրենց համար սահմանված բնակիչների ընդունելության օրը: