Գիտական ի՞նչ առաջարկներ կան նախընտրական ծրագրերում. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Թե կուսակցություններից կամ դաշինքներից որը գիտության վերաբերյալ ի՞նչ ծրագրային առաջարկներ ունի, փորձել ենք ներկայացնել «Փաստի» այսօրվա համարում:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական ծրագրում գիտության վերաբերյալ կարդում ենք հետևյալը. «Կտրուկ ավելացնել գիտության ֆինանսավորումը պետական բյուջեից` հատուկ մշակված 10–ամյա ռազմավարության շրջանակներում` 2020 թ.–ին գիտության ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ–ում հասցնելով առնվազն 0,5%–ի» :
«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» շեշտում է, որ ազգ–բանակ հայեցակարգի տրամաբանությամբ պետք է զարկ տալ հայրենական գիտական և տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմարդյունաբերական համալիրի ստեղծմանը: Հակառակորդի նավթադոլարների դիմաց մենք մեր տաղանդավոր գիտնականների, գյուտարարների և ինժեներների ռեսուրսները պիտի օգտագործենք:
«Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրում գրված է, որ պետք է հիմնովին վերափոխել Գիտությունների ազգային ակադեմիայի կառուցվածքն ու աշխատանքների ուղղությունները. «Գիտություն–արտադրություն, գիտություն–ռազմական արդյունաբերություն կապը դարձնել կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը»:
Մեկ այլ դաշինք՝ «ԵԼՔ»–ը, վստահեցնում է, որ իշխանություն լինելու դեպքում գիտությանը հատկացվող ֆինանսավորումը կհասցնի ՀՆԱ–ի 3%–ի: Բացի այդ, բոլոր պետական դպրոցներում կստեղծվեն տեխնոլոգիական լաբորատորիաներ. հիմնական և ավագ դպրոցում ՏՏ մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունն ավելացնելու նպատակով ուսումնական պարտադիր ծրագրում կներառվեն ինժեներական և ծրագրավորման դասընթացներ:
«Հայկական վերածնունդը» նախատեսում է գիտության ֆինանսավորման ավելացում, գիտության մեջ կիրառական բաղադրիչի ընդլայնում՝ առևտրայնացման, պետություն–մասնավոր հատված համագործակցության մոդելի ներդրմամբ, կրթություն–գիտություն–աշխատաշուկա կապի ընդլայնման նպատակով կարիերայի կենտրոնների ստեղծում, ինչպես նաև մրցունակ գիտական գաղափարների արտահոսքի կանխարգելում:
Կոնգրես–ՀԺԿ դաշինքն էլ առաջարկում է գիտության բնագավառում կիրառել բուհերը և գիտահետազոտական ինստիտուտները մեկ միասնական հաստատության մեջ միավորելու քաղաքականությունը: «Գիտության զարգացմանը հատկացնել ՀՆԱ–ի առնվազն 1%–ը: Պետականորեն աջակցել ժամանակակից համակարգչային, ծրագրային և ինտերնետային տեխնոլոգիաներում հայերենի կիրառման համար անհրաժեշտ սարքային և ծրագրային արտադրանքի ստեղծմանը»,– կարդում ենք դաշինքի նախընտրական ծրագրում:
Հանրապետականները պատրաստվում են գիտության բնագավառում կառուցվածքային բարեփոխումներ իրականացնել, գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերի մեջ ավելացնել շուկայական պահանջից և պետության զարգացման տեսլականից բխող կիրառական հետազոտությունների մասնաբաժինը։
«ՕՐՕ» դաշինքը «ԵԼՔ»–ի նմանությամբ գիտության ֆինանսավորումը կհասցնի ՀՆԱ–ի 3%–ին, բյուջետային հատկացումներ կլինեն գիտական սարքավորումներ, համակարգչային տեխնիկա, այլ պարագաներ ձեռք բերելու և գիտահետազոտական հաստատությունները տեխնիկապես վերազինելու համար, ՏՏ ոլորտում ծավալվող ցանկացած ձեռնարկատիրական գործունեություն, բացի համացանցում շահումով խաղերից, 4 տարով կազատվեն ԱԱՀ–ից և շահութահարկից: Վերջինները ինչպես և «Դաշնակցությունը» նույնպես գտնում են, որ պետք է փորձել Հայաստանում արտադրել թանկ և գիտատար ներդրում պահանջող զինատեսակներ, այդպիսով` կտրուկ ավելացնել հայրենի գիտությանն իջեցվող ռազմական պատվերների ծավալը:
Կոմունիստներն էլ միայն խոստանում են գիտությանը հատկացնել ՀՆԱ–ի առնվազն 1%–ը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: