Թուրքիան պատրաստ է ռուսներին թույլ տալ ներքին անձնագրերով երկիր մուտք գործել
ՄիջազգայինԱնկարան պատրաստ է Մոսվայի հետ քննարկել ռուս քաղաքացիների՝ Թուրքիայի սահմանն առանց արտասահմանյան անձնագրերի հատելու կարգը։ Այս մասին Անթալյայի ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն, հաղորդում է Anadolu գործակալությունը։
Նրա խոսքով՝ կողմերը դեռեւս երկու տարի առաջ՝ այսինքն՝ մինչ ռուսական ինքնաթիռին հարվածելու միջադեպը, այդ հարցում զգալի առաջընթաց են ձեռք բերել։
«Քանի որ երկկողմանի հարաբերությունները նորից կարգավորվել են, մենք կարող ենք ավարտել քննարկումները։ Թուրքիայի իշխանություններն օդանավակայաններում տեղադրում են անձի նույնականացման սարքավորումներ։ Մենք մտադիր ենք վերսկսել բանակցությունները»,-ասել է նախարարը։
Չավուշօղլուն նշել է, որ շարունակվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը, եւ երկու երկրների նախագահների միջեւ բարեկամական հարաբերություններ են հաստատվել։