«Պետությունը ավելի մեծ միջոցներ պետք է ներդնի ազգային մշակույթը զարգացնելու համար». Հարություն Կարապողոսյան
ՀասարակությունՄեր զրուցակիցը ԱԺ ընտրություններում թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ կողմից առաջադրված պատգամավորի անկուսակցական թեկնածու Հարություն Կարապողոսյանն է: Թեկնածուից փորձեցինք պարզաբանումներ ստանալ մշակութային ոլորտին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:
Հարություն Կարապողոսյանի փոխանցմամբ, մշակույթն այն ոլորտն է, որը մշտապես հոգածության կարիք ունի: «Իհարկե, ոլորտը զերծ չէ թերություններից և բնականաբար անելիքներ շատ կան»,-նշեց Կարապողոսյանը՝ կարծիք հայտնելով, որ պետությունը ավելի մեծ միջոցներ պետք է ներդնի ազգային մշակույթը զարգացնելու համար. «Ցանկացած երկիր համաշխարհային լայն ճանաչում է ձեռք բերում հենց մշակութային ասպարեզում ունեցած նվաճումների շնորհիվ»,- հավելեց թեկնածուն: Պարոն Կարապողոսյանն անդրադարձավ նաև Մշակութային օրենսդրությունում առկա մի շարք բացթողումներին, որոնք շրջանցում են մշակույթի գործիչների որոշ իրավունքները:
Թեկնածուն մտահոգ է, որ քանդակագործները, գեղանկարիչները, գրողները և մի շարք այլ անձիք, ովքեր ներկայացնում են մշակույթ կամ արվեստ, ապահովված չեն արժանապատիվ ծերություն ունենալու հանգամանքով. «Գրողն իր գործունեության ընթացքում 60 գիրք է գրում, բայց 65 տարեկանում ոչ ոք նրան չի հարցնում քանի՞ գիրք է գրել, ուստի ստանում է զուտ տարիքային կենսաթոշակ՝ առանց հավելավճարի»,- նշեց Հարություն Կարապողոսյանը՝ շարունակելով միտքը. «Քանդակագործը, ում աշխատանքները զարդարում են Հայաստանը և ունի նաև միջազգային ճանաչում, երբ հասնում է կենսաթոշակ ստանալու տարիքին, փաստի առաջ է կանգնում՝ ստաժ չունենալու պատճառով»:
Բերելով մի շարք փաստարկներ՝ պատգամավորության թեկնածուն նշեց, որ նմանատիպ հարցերը մշտապես լինելու են իր ուշադրության կենտրոնում:
Ըստ Հարություն Կարապողոսյանի, ուշագրավ է նաև արվեստի սկսնակ գործիչներին աջակցելու կարևորությունը՝ բարենպաստ պայմանների ապահովման, միջոցառումների կազմակերպման և թե այլ տեսակի արտոնություններ սահմանելու միջոցով: Թեկնածուն կարևորում է նաև մարզային մշակութային օջախների ստեղծումն ու մշակութային կյանքի ակտիվացումը մայրաքաղաքից դուրս:
Թեկնածուի հավաստմամբ, ԱԺ-ի պատգամավոր ընտրվելու դեպքում մշակութային խնդիրները մշտապես լինելու են իր ուշադրության կենտրոնում: