Վտանգն անցել է. Քուչակում «Ծառուկյան» դաշինքի շտաբի դանակահարված պետի վիճակը բավարար է
Ուշադրության կենտրոնումՔուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի դանակահարված պետի վիճակն արդեն բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը:
Նա նշեց, որ Արամ Ասատրյանը շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում եւ դեռ մի քանի օր կմնա այդտեղ, որից հետո կտեղափոխվի հիվանդասենյակ. «Վտանգն անցել է կարելի է ասել, մի քանի օր կմնա Վերակենդանացման բաժանմուքնում, որից հետո հիվանդասենյակ կտեղափոխենք»:
Նշենք, որ Արամ Ասատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 20-ին՝ գոտկային շրջանում ծակած վերքով:
Ավելի վաղ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ մարտի 19-ին, ժամը 23:30-ին, «Ապարանի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ են տեղափոխվել Արամ Ասատրյանն ու Մանուկ Հովսեփյանը:
Նրանք վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից ստացել են կտրած-ծակած վերքեր: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն :