Ռուսաստանը գիշեր-ցերեկ պայքարում է ԻՊ-ի դեմ. Կրեմլ
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով, թե ինչու Ռուսաստանը չի մասնակցելու ԱՄՆ-ում ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ համաժողովին, նշել է, որ երկիրը գիշեր-ցերեկ պայքարում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ, մինչդեռ տասնյակ պետություններ միայն խոսում են այդ հարցի շուրջ:
Ինչպես նշում է ria.ru-ն, ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ համաժողովը կայանալու է Վաշինգտոնում՝ մարտի 22-23-ը: Դրան կմասնակցի մոտ 60 երկրի ներկայացուցիչ:
ՌԴ արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ Մոսկվան երբևէ չի մասնակցել նման ձևաչափի, ուստի՝ միանգամայն բնական է, որ հիմա էլ չի մասնակցելու:
«Մինչ տասնյակ պետություններ շարունակում են քննարկել ԻՊ-ի դեմ պայքարը, Ռուսաստանը գիշեր-ցերեկ պայքարում է ԻՊ-ի դեմ»,-մեկնաբանել է Պեսկովը՝ հավելելով, որ այդ հարցում հնարավոր չէ հաջողության հասնել առանց առավելագույնս ընդլայնված միջազգային համագործակցության: