«Ժողովրդին եմ միշտ համարել իմ թիմը». Ռոբերտ Սարգսյանը նորնորքեցիներին
ՀասարակությունՀանրապետական կուսակցության թիվ 1 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու Ռոբերտ Սարգսյանի հերթական հանդիպումները Նոր Նորքի 2-րդ զանգվածների բնակիչների հետ էր: Ի դեպ, 2017 թվականի ընտրություններում թիվ 1 ընտրատարածքը, Ավան վարչական շրջանից բացի, ներառելու է նաև Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: Նոր Նորքի բնակիչների հետ հանդիպումներին Ռոբերտ Սարգսյանի հետ միասին մասնակցում էին նաև ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Վահրամ Մկրտչյանը: «Քարոզարշավի մեկնարկին ասել եմ, որ այն սկսում եմ Ավանից, քանի որ Ավանն իմ մեծ տունն է: Նույնը կարող եմ ասել նաև Նոր Նորքի 1-ին և 2-րդ զանգվածների մասով, քանի որ նախորդ անգամ վստահության քվեն ստացել եմ նաև այնտեղից: Նոր ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքն ընդգրկելու է Նոր Նորքն ամբողջությամբ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը: Այսինքն, մեր տունը մեծանում է և, բնականաբար, եթե ստանամ նաև ձե՛ր վստահության քվեն, նաև ձե՛ր ներկայացուցիչն եմ դառնալու Ազգային Ժողովում: Եվ ինչպես անցած չորս ու կես տարիներին եմ մշտապես եղել իմ ընտրողների կողքին, նույն կերպ էլ շարունակելու եմ այս անգամ: Ու քանի որ հենց ժողովրդին եմ միշտ համարել իմ թիմը, այսօր կարող եմ ասել, որ մեծանում է նաև մեր թիմը, որի հետ համատեղ աշխատանքով էլ ապահովելու ենք մեր երկրի առաջընթացը: Գիտեք, որ անցած տարիներին հարյուրավոր ընդունելության օրեր եմ ունեցել թե՛ Հանրապետական կուսակցության գրասենյակում, թե՛ Ազգային ժողովում: Նկատի ունեմ՝ իմ դուռը միշտ բաց է եղել և այսհետ ևս նույնն է լինելու», - նշել է Ռոբերտ Սարգսյանը: Պատգամավորի թեկնածուն պատասխանել է նաև բնակիչների հարցերին, ներկայացրել Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը: «Մեր պետության անվտանգության ու առաջընթացի ամբողջ տեսլականը և մոտեցումները ներառված են մեր կուսակցության նախընտրական ծրագրում. այս ծրագիրն արվածի շարունակությունն է՝ դրված ամուր հիմքերի վրա», - նշել է Ռոբերտ Սարգսյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանն էլ բնակչներին ներկայացրել է Ռոբերտ Սարգսյանի պատգամավորական գործունեության «չերևացող» կողմը, - «Իրականում շատ ավելի բարդ ու ծավալուն աշխատանքով ենք զբաղված Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում, որը, ցավոք, հասարակության աչքից հաճախ վրիպում է: Հանձնաժողովի աշխատանքը շատ ծավալուն է ու բարդ, բայց այդ ամենով հանդերձ, Ռոբերտ Սարգսյանը կարողանում է հանդիպել նաև իր ընտրատարածքի բնակիչների հետ: Ձեր քվեն նորից նրան տալով, Ազգային ժողովում կունենաք իսկապես ձեր ներկայացուցիչը, ով միշտ պատրաստ է Ձեր խոսքը լսելի դարձնել Ազգային ժողովում»: