«Ցիանիդի գործ». Վրաստանի դատախազությունը տուժող է ճանաչել Շորենա Տետրուաշվիլիին
ՔաղաքականությունՎրաստանի գլխավոր դատախազությունը կաթողիկոս–պատրիարքի քարտուղար խորհրդական Շորենա Տետրուաշվիլիին տուժած կողմ է ճանաչել՝ պատրիարքին մերձավոր անձի սպանության նախապատրաստության գործում։ Այս մասին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է պատրիարքարանի իրավաբան Էդիշեր Կաչարավան։
«Դատախազությունը հարցաքննել է Շորենա Տետրուաշվիլիին մի քանի օր առաջ եւ նրան տուժած կողմ ճանաչել», — ասել է Կաչարավան։
Վրաստանի գլխավոր դատախազությունը սույն թվականի փետրվարի 13–ին հայտնել է «հոգեւոր անձի բարձրագույն հիերարխիայի» սպանության նախապատրաստության գործը բացահայտելու մասին։ Գործով ձերբակալվել է երեց Գերոգի Մամալաձեն՝ պատրիարքարանի գույքի կառավարման բաժնի ղեկավարը։ Երեք օր հանրությունը քննարկում էր Վրաստանի կաթողիկոս պատրիարքի՝ Իլյա II-ի դեմ մահափորձը։ Դրանից հետո դատախազությունը հայտնեց, որ խոսքը Իլյա II—ի դեմ մահափորձի մասին չէ։
Գործին հատկապես հստակություն հաղորդեց փաստաբան Միխայիլ Ռամիշվիլին, որը պաշտպանում է ձերբակալված երեցի շահերը։ Հենց նա առաջին անգամ հայտարարեց, որ իր պաշտպանյալը մեղադրվում է Շորենա Տետրուաշվիլիի դեմ մահափորձի մեջ։