«Նարեկի վիճակը մի քիչ թեթևացել է». նոր մանրամասներ՝ պայթյունի հետևանքով տուժած զինվորների մասին
Ուշադրության կենտրոնումՄարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պայթյունի հետևանքով տուժած զինվորներից մեկի՝ Նարեկ Գրիգորյանի վիճակում փոքր դրական շարժ կա: Այս մասին Shabat.am-ը տեղեկացավ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: «Նարեկի վիճակը մի քիչ թեթևացել է, սակայն շարունակում է ծանր մնալ: Մի փոքր դրական շարժ կա, թթվածնի սարքը անջատել են»,- ասաց նա: Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացանք նաև, որ վիրավորված մյուս երկու զինվորների վիճակը լավ է. «Էրիկ Սահակյանը երևի շուտով դուրս կգրվի, Պերճ Գաբրիելյանը ևս երկար բուժման կարիք չի ունենա»: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 ժամկետային զինծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017թ. փետրվարի 28-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել պայթուցիկ սարքի պայթյուն, ինչի հետևանքով ինժեներական աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նարեկ Գևորգի Գրիգորյանը, Պերճ Արմենի Գաբրիելյանը և Էրիկ Սամվելի Սահակյանն ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ): Կատարվում է նախաքննություն: