Հայ-ռուսական հարաբերություններում քննարկելու շատ թեմաներ կան. ՌԴ պետդումայի նախագահ (Ֆոտո)
ՔաղաքականությունՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 3-ին, ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:
Ողջունելով հյուրին մեր երկրում եւ նշելով, որ սա Պետական դումայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Վյաչեսլավ Վոլոդինի հետ առաջին հանդիպումն է՝ Հանրապետության նախագահը շնորհավորել եւ հաջողություններ է մաղթել հյուրին: Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ պետական գործունեության մեջ Վյաչեսլավ Վոլոդինի մեծ փորձն իր զգալի ներդրումը կունենա նաեւ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում, ինչին նոր խթան կհաղորդի նրա այցը Հայաստան:
Ընդգծելով, որ ուղիղ մեկ ամսից՝ ապրիլի 3-ին, նշվելու է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը, նախագահ Սարգսյանը յուրաքանչյուր տոն շատ լավ հնարավորություն է համարել ամփոփելու, գնահատական տալու երկկողմ հարաբերություններին եւ ուղենիշներ սահմանելու ապագայի համար:
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը եւս գոհունակությամբ է փաստել, որ այցի շրջանակներում Հայաստանի խորհրդարանականների հետ հանդիպումները տեղի են ունենում երկու ռազմավարական գործընկեր պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում:
Նշելով, որ միջպետական հարաբերությունները դինամիկ զարգանում են, եւ քննարկելու, ամփոփելու շատ թեմաներ կան, պետդումայի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների խորհրդարանականները ծրագրում են ընդլայնել հարաբերությունների եւ համագործակցության շրջանակը, որի նպատակով իր գլխավորած պատվիրակության կազմում գտնվող պետդումայի հանձնաժողովների նախագահները կհանդիպեն եւ կծանոթանան հայ գործընկերների հետ, կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Պետդումայի նախագահը կարեւորել է տարածաշրջանային մակարդակով եւս երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ աշխատանքը:
ՀՀ Նախագահը եւ ՌԴ պետդումայի նախագահը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում երկուստեք մեծապես կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության դերը եւ ընդգծել միջխորհրդարանական կապերի շարունակաբար ամրապնդման անհրաժեշտությունը: