Ամենաանհարմար պահին` ամենաանհարմար հարցը. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Լրատվական կայքերը փորձել են պարզել, թե «Հաց բերողի» կալանքը փոխելու համար խորհրդարանում նախաձեռնված ստորագրահավաքին կմիանա՞ն արդյոք որոշ պատգամավորներ:
Այս հարցով դիմել են նաև մեր երկրում իր համար հումանիստի, հայրենասերի, ճշմարտախոսի հատուկ կերպար ստեղծած երգիչ, այժմ պատգամավոր Շուշան Պետրոսյանին: Նա պատասխանել է, որ չի պատրաստվում ստորագրել այդ նամակ–դիմումի տակ:
Դե, այնպես էլ զարմացել են մեր լրագրողները: Ախր, ի սկզբանե ձեր հարցը ժամանակավրեպ կարելի էր դիտել այս մարդկանց համար: Ընտրություններ են, մեռնել–ապրելու ժամանակներ են: Հատկապես, հասկանալի է` հանրապետականների համար: Ամենքը միայն մի բան են մտածում` արժանանալ կուսակցական ղեկավարի բարյացակամությանն ու կրկին պատգամավոր դառնալ:
Հավանաբար քնում ու արթնանում են այդ լուսավոր երազով: Առավել ևս, որ այս մարդիկ ոչ զբաղվել են քաղաքական գործունեությամբ, ասել է թե` ոչ քաղաքական գործիչ են, ոչ էլ ձգտում ունեն այդպիսին դառնալու: Հակառակ դեպքում, երբ 4 տարի նստեցին խորհրդարանում, նստած տեղից կբարձրանային ու ամենաքիչը քաղաքական որևէ դիսկուրսի կմասնակցեին: Էլ չենք խոսում օրենսդրական գործունեության մասին:
Հիմա մեր լրագրողներն այս մարդկանց ամենաանհարմար պահին ամենաանհարմար հարցն են տալիս` ստորագրո՞ւմ եք «Հաց բերողին» (նկատի ունեցեք` ինչ արժեք կա այս խոսքի մեջ), մարդուն, ով 18 օր է հացադուլի մեջ է, (նկատի ունեցեք անարդար որոշման դեմ բողոքի ուժգնության չափը), և ում կյանքին այլևս վտանգ է սպառնում, փակի տակից ազատելու դիմումի տակ:
Սիրելի լրագրողներ, այս մարդկանց վատ դրության մեջ մի դրեք:
Որքան էլ պայծառ գաղափարների լուսապսակով գլուխները զարդարելու ցանկությունը մեծ լինի, բոլոր դեպքերում նժարին այլ քաշի ու այլ կարևորության հարց է դրված: Պետք է ամեն կերպ պատգամավոր դառնան: Տարիների իրենց ստեղծած տունը, որ մի կերպ հարմարեցրել քարը քարի վրա են դրել, հո թույլ չե՞ն տա, որ միանգամից փուլ գա:
Ըմբռնող լինենք:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: