Ադրբեջանական կողմը կրկին ստում է. ի՞նչպես կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում. ԼՂՀ ՊԲ
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանակն կողմի հայտարարությունը, թե արցախյան ուժերն իրենց դիրքերը բարելավելու նպատակով անցել են հարձակողական գործողությունների, իրականության հետ որեւէ աղերս չունի: Այս մաիսն այսօր՝ փետրվարի 25-ին, NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին եւ 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարեւելյան եւ արեւելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների եւ կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել են իրենց արարքները վերագրել արցախյան կողմին:
Մասնավորապես, փետրվարի 25-ին Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե իբր արցախյան ուժերն իրենց դիրքերը բարելավելու նպատակով անցել են հարձակողական գործողությունների՝ չմոռանալով հիշատակել նաեւ, որ «պաշտպանողական մարտերի» ժամանակ ադրբեջանական զինուժն ունի կորուստներ:
Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշյալը իրականության հետ որեւէ աղերս չունի: Ավելին՝ այստեղ առաջանում է մի շատ պարզ հարց, որի պատասխանը թողնում ենք ադրբեջանական քարոզիչներին, այն է՝ ի՞նչպես կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում»: