Հնդկաստանը մտադիր է Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումներ իրականացնել
ՄիջազգայինՀնդկաստանը մտադիր է Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումներ իրականացնել: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 23-ին, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի եւ Հնդկաստանի բեռնափոխադրումների ասոցիացիաների ֆեդերացիայի փոխնախագահ Շանկար Շինդեի հանդիպման ժամանակ:
Նախարարաությունից NEWS.am-ին հայտնում են, որ հնդիկ գործարարը նախարարին ներկայացրեց իրենց գործունեության ընդհանուր բնութագիրն ու նպատակները, նշեց, որ համագործակցության նպատակով ուսումնասիրում են, թե ինչ զարգացումներ ունի Հայաստանը լոգիստիկայի բնագավառում։ Նա ընդգծեց, որ ցանկություն ունեն Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել Հնդկաստանից Իրան եւ այլ ուղղություններով ու այդ աշխատանքներում ակնկալում են նախարարության աջակցությունը։
Վահան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանը հնարավորություն ունի թե´ ավտոմոբիլային տրանսպորտով եւ թե´ երկաթուղային ճանապարհով մուլտիմոդալ բեռնափոխադրումներ իրականացնել ոչ միայն Ռուսաստան, այլ նաեւ Եվրոպա։ Նախարարը պատրաստակամություն հայտնեց աջակցել գործընթացին եւ օժանդակել տրանսպորտային ուղու կազմակերպմանը։