Իտալիան ու Շվեդիան չեն աջակցում Տուսկի՝ Եվրախորհրդի ղեկավար վերընտրվելուն
ՄիջազգայինԻտալիայի ու Շվեդիայի կառավարությունները չեն պաշտպանում Դոնալդ Տուսկի թեկնածությունը՝ Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում երկրորդ ժամկետում պաշտոնավարելու համար։ Այս մասին հայտնել է լեհ եվրոպատգամավոր Ռիշարդ Չարենցկին, հաղորդում է RIA Novosti-ն։
Լեհաստանի իշխանությունները եւս մի քանի անգամ ընդգծել են, որ չեն աջակցի վերոնշյալ պաշտոնում Տուսկի թեկնածությանը, քանի որ վերջինս եվրոպական կառույցներում «առաջ չի մղել» իր երկրի շահերը, փոխարենը քննադատաբար է վերաբերվել Լեհաստանին:
Տուսկն ինքը Մալթայում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է շարունակել աշխատել որպես Եվրոպական խորհրդի ղեկավար եւ արդեն քննարկել է այդ հարցը եվրոպացի առաջնորդների հետ, որոնք նրան աջակցություն են հայտնել։ Նրա խոսքով՝ այնուամենայնիվ այդ որոշումը կախված կլինի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների դիրքորոշումից։
«Որքան ես տեղյակ եմ, ներկա դրությամբ ԵՄ երկրների երկու կառավարություն չի աջակցել Տուսկին։ Ես խոսում եմ Իտալիայի եւ Շվեդիայի Թագավորության կառավարությունների մասին, սակայն մենք լսում ենք նաեւ մյուսների մասին, որոնք ձեռնպահ են մնում որոշումից», - հայտնել է Չարենցկին։
Նա սենսացիա է համարել այն փաստը, որ Տուսկը մինչ օրս աջակցության խնդրանքով չի դիմել Լեհաստանի կառավարությանը։