Իրեղեն ապացույց ճանաչված մեքենաները դատարան չէին բերվել. «Երրորդմասցի Լյովիկի» սպանության գործով նիստը հետաձգվեց
ՀասարակությունԵրեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` փետրվարի 21-ին, հերթական անգամ հետաձգվեց «Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանության գործով դատական նիստը: Այսօր պետք է տեղի ունենար արտագնա նիստ եւ պետք է զննվեին քրեական գործով որպես իրեղեն ապացույց ճանաչված մեքենաները: Սակայն, դատարանը հայտարարեց, որ բոլոր մեքենաները հնարավոր չի եղել ապահովել եւ այդ հիմքով էլ դատական նիստը հետաձգվում է:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 28-ին:
Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:
2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: