ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեին, ժամը 14-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 46.82 տոկոսը
ՔաղաքականությունԼՂՀ սահմանադրության նախագծի հանրաքվեի քվեարկությանը ժամը 14.00-ի դրությամբ մասնակցել է 48 115 քաղաքացի կամ` ընտրողների 46.82 տոկոսը: Այս մասին ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում հայտարարել է ԼՂՀ ՀԿՀ փոխնախագահ Եղիշե Արզումանյանը:
Երեւանում քվեարկությանը մասնակցել է 139 քաղաքացի կամ՝ ընտրողների 24.65 տոկոսը: Եղիշե Արզումանյանի խոսքով, Երեւանի ընտրատարածքում մասնակցությունը ցածր է, որովհետեւ այնտեղ ընտրացուցակները կազմվել են՝ հաշվի առնելով Երեւանում սովորող ուսանողներին, բայց նրանց որոշ մասը Արցախում արդեն քվեարկել է:
Արցախի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը ներկայացրել է նաեւ ժամը 14:00-ի դրությամբ Արցախի հանրապետության Սահմանադրության նախագծի հանրաքվեի քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ ընտրատարածքների:
Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետությունում անցկացվում է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվե, որի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 102 757 քաղաքացի: Հանրաքվեն անցկացնելու համար ստեղծվել է 280 ընտրական տեղամաս՝ 12 ընտրատարածքում:
Հանրաքվեում «այո»-ի հաղթանակի դեպքում երկիրը կիսանախագահական կառավարման համակարգից կանցնի նախագահական համակարգի: