Սահմանադրությունը նոր մակարդակի է բարձրացնելու Արցախի պատրաստվածությունը. Ղուլյան (Ֆոտո)
ՔաղաքականությունՍահմանադրությունը նոր մակարդակի վրա է բարձրացնելու ե՛ւ Արցախի պատրաստվածությունը՝ ե՛ւ ներքին իմաստով, ե՛ւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու առումով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ստեփանակերտի թիվ 1/8 ընտրատեղամասում, Արցախում սահմանադրական փոփոխությունների քանրաքվեի քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ հավելելով, որ Սահմանադրությունը շատ համապարփակ փաստաթուղթ է, հաղորդում է «Արցախպրեսը»:
«Ես վստահ եմ, որ հենց Սահմանադրության հիմնական առաքելություններից մեկն է սա: Եթե փորձեմ հակիրճ ասել, ապա հաստատ Սահմանադրությունն ամրապնդելու է այն կառուցակարգերը, որոնք ուղղված են մեր երկրի անվտանգության ապահովմանը , ժողովրդավարական համակարգի զարգացմանը, մարդու իրավունքների երաշխավորմանը եւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման արդյունավետությանը»,- նշել է Ղուլյանը:
Հարցին, թե նոր Սահմանադրությամբ ԱԺ լիազորությունները չե՞ն թուլանա՝ հաշվի առնելով, որ անցում է կատարվում նախագահական կառավարման համակարգի, Աշոտ Ղուլյանը պատասխանեց. ««Միանշանակ, չեմ կարծում, որովհետեւ այդ մշակումների աշխատանքներին նաեւ մասնակցել եմ, եւ, կարծում եմ, մեզ հաջողվել է գտնել այն ճիշտ հավասարակշռությունը, որ անպայման պետք է լինի սահմանադրության մեջ»։
Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը հայտարարել է, որ Ղարաբաղում տեղի ունեցող հանրաքվեն չի ընդունում եւ այն չի ճանաչվելու միջազգային կառույցների կողմից, ԱԺ նախագահը նշեց. «Դա հարեւան պետության խնդիրն է, եւ, կարծում եմ, որ այդ հոգեբանական բարդույթից ինչքան շուտ դուրս գան, այնքան շատ ավելի լավ կլինի»:
Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետությունում անցկացվում է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվե, որի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 102 757 քաղաքացի:
Հանրաքվեում «այո»-ի հաղթանակի դեպքում երկիրը կիսանախագահական կառավարման համակարգից կանցնի նախագահական համակարգի: