Հնդկաստանը միանգամից 104 արբանյակ է արձակել տիեզերք
ՄիջազգայինՀնդկաստանը մեկ հրթիռի օգնությամբ արձակված արբանյակների թվի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ տիեզերք արձակելով 104 արբանյակ: Նախորդ ռեկորդակիրը Ռուսաստանն էր. 2014 թվականին երկիրը 37 արբանյակ էր արձակել: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երեք արբանյակներից բացի՝ մնացյալ բոլորն արտադրվել են այլ երկրներում, 96-ը՝ ամերիկյան ընկերություններում:
Արբանյակներով հրթիռն արձակվել է Սատիշ Դհավանի անվան տիեզերական կենտրոնից, որը տեղակայված է Բենգալյան ծոցի Շրիհարիկոտա կղզում:
Փորձագետների խոսքով՝ սա կարելի է պատմական իրադարձություն անվանել ոչ միայն արբանյակների թվի, այլ նաեւ այն պատճառով, որ Հնդկաստանը մատնանշեց տիեզերական հետազոտությունների շուկայում առանցքային խաղացող դառնալու իր հավակնությունները:
Այս տարի Հնդկաստանի կառավարությունը զգալիորեն ավելացրել է իր տիեզերական ծրագրի բյուջեն եւ նույնիսկ հաղորդել Վեներա առաքելություն ուղարկելու ծրագրերի մասին: