Լեռնանիստում`խանութի փլուզումից զոհվածներից մեկը խանութի տիրոջ կինն է, մյուսը`հաճախորդը (ֆոտո)
ՀասարակությունԿոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում մթերային խանութի փլուզման հետեւանքով մահացածներից մեկը խանութի սեփականատիրոջ կինն է:NEWS.am-ի հետ զրույց խանութի սեփականատեր Գագիկ Ալոյանը նշեց, որ իր կինը խանութում աշխատում է որպես վաճառողուհի եւ ամեն օր` սովորականի նման ժամը 9-ին գնացել է աշխատանքի:
Գագիկ Ալոյանի խոսքով` իր կինը 50-ամյա Ալմիդա Մեսրոպյանը, խանութի փլուզման ժամանակ մնացել է փլատակների տակ, նրա կողքին գտնվող 2 որդիները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
«Մենք ընտանիքով ապրում ենք Հրազդանում, ամեն օր 2 որդիս եւ կինս գալիս էին խանութ` աշխատանքի: Այսօր` ժամը 10:00-ի սահմանում տղաս լացակումած ձայնով զանգեց ու ասաց, որ խանութի պանելները նստել են ու չի հասկանում, թե ինչ է կատարվում: Միայն ասեց, որ շտապ գամ: Եկա, տեսա, որ խանութ չկա, ամբողջը փլուզվել է»,-պատմեց նա:
Գագիկ Ալոյանը նշեց, որ դեպքի պահին, բացի իր ընտանիքից խանութում եղել է նաեւ մյուս աշխատակցուհին` Տաթեւիկը եւ մեկ հաջախորդ` Լեռնանիստ գյուղի 38-ամյա բնակչուհի Անուշ Սարգսյանը, որը նույնպես փլատակներում է մնացել ու մահացել:
Գագիկ Ալոյանի 2 որդիները` խանութի փլուզման հետեւանքով վնասվածքներ են ստացել: Նրանցից Սարգիս Ալոյանը կոնքի, ազդրի եւ ողնաշարի կոտրվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ Արթուրը թեթեւ վնասվածքներ ունի եւ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել:
Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն` Ռոբերտ Սահակյանի խոսքով` խանութի աշխատակցուհի, 23-ամյա Տաթեւիկը Հրազդան բժշկական կենտրոնում է, նրա մոտ եւս կոնքի կոտրվածք է կասկածվում: