Օհանյանը, Օսկանյանը եւ Հովհաննիսյանը ԱԺ ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ հուշագիր ստորագրեցին
ՔաղաքականությունՊաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր՝ փետրվարի 13-ին, խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյա հուշագիր ստորագրեցին (ֆոտոռեպորտաժ):
Համաձայնագրի տեքստը ներկայացնում ենք ստորեւ.
«Գիտակցելով, որ մեր երկրի ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմագրավելու անհրաժեշտ է նոր որակի իշխանության ձեւավորում,
-ընդունելով, որ հանրային կյանքի բարելավման, մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության պետության ներսում առկա խնդիրների լուծման համար պետք է մի կողմ դնել անձնական հավակնությունները եւ առաջնորդվել բացառապես պետական շահով՝ ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի՝ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհարժեշտ է քաղաքական ու հասարակական ուժերի լայն համախմբում,
-կարեւորելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը, մենք կնքում ենք դաշինքային համաձայնագիր եւ ԱԺ ընտրություններին մասնակցելու ենք միասին:
Դաշինքային համաձայնագիրը բաց է քաղաքական ուժերի, հասարակական միավորումների, քաղաքացիական շարժումների եւ ՀՀ եւ ԼՂՀ ապագայով մտահոգ քաղաքացիների համար»: