Վիկտոր Դալլաքյանն ու Արամ Գ. Սարգսյանը հայտնվել են «Օհանյան–Օսկանյան» դաշինքի ցուցակի առաջին 10–նյակից դուրս. Դալլաքյանը ևս կլքի դաշինքը. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Սեյրան Օհանյան–Վարդան Օսկանյան դաշինքի շուրջ խմորումները նոր թափ են ստանում. առաջիկայում հնարավոր է դաշինքը լքեն նաև դրա հիմնադիրներն ու ջատագովները:
Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկ հեռացավ դաշինքից՝ չեղարկելով «Երրորդ հանրապետության», «Համախմբման» ու Դեմկուսի համատեղ հայտարարությունը՝ միասին ընտրությունների գնալու մասին:
«Փաստին» հասած տեղեկություններով՝ Արամ Սարգսյանի դժգոհության պատճառն այն է, որ իր անունը դուրս է մնացել դաշինքի առաջին տասնյակից:
«Խախտվեցին բոլոր դաշինքային սկզբունքները: Առաջին հերթին պետք է ձևավորվեր խորհուրդ այն կուսակցությունների ներկայացուցիչներից, որոնք պետք է համաձայնեցված որոշումներ ընդունեին: Չեղավ այդպիսի բան, արդեն 2 ամիս է, որ մենք փորձում ենք համագործակցել, այդպիսի խորհուրդ այդպես էլ չձևավորվեց»,– երեկվա ասուլիսի ընթացքում հայտարարեց Դեմկուսի նախագահը՝ շարունակելով. «Այն, ինչ մենք տեսանք այս ընթացքում, ամբողջովին կենտրոնացած էին ցուցակի կազմման հարցի վրա, թե ով ինչքան հնարավոր տեղ ունենա և ինչ տեղ գրավի և այլն»:
Մեր տեղեկություններով՝ առաջիկայում դաշինքը լքելու մասին հայտարարելու է այդ դաշինքի հիմնադիրներից, «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը, քանի որ նա ևս կարծում է, որ դաշինքի ցուցակում անարդար բաշխում է տեղի ունեցել, որի արդյունքում իր անունը ևս դուրս է մնացել ցուցակի առաջին 10–նյակից: Իսկ դա նշանակում է, որ անգամ դաշինքի հաղթանակի ու ԱԺ մտնելու դեպքում դժվար թե «Օհանյան–Օսկանյան» դաշինքը 10–ից ավելի պատգամավոր ունենա:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: