Հակոբ Հակոբյան (Ճոյտ). «Ներողամիտ լինելը քաղաքակրթության նշան է և ամենևին էլ չի նշանակում, թե կոտրվեցիր». «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), ով առաջիկա ընտրություններին «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի որպես թեկնածու, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ինքը ևս մասնակցում էր ԲՀԿ համագումարին: Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի ելույթին նշեց, որ այն բավականին լավն էր:
«Ելույթն այնպիսին է, որ Գագիկ Ծառուկյանի կողմից և՛ թերությունները ներկայացվեցին, և՛ լուծումները: Ամենակարևորը, որ ոչ միայն համագումարին ներկա գտնվողները, այլ ընդհանրապես ժողովուրդը վստահում է և հույսեր է կապում ԲՀԿ առաջնորդի հետ: Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանը երբևէ այնպիսի որոշում չի կայացնի, որը կարող է վնասել ժողովրդին»,– ասաց Հ. Հակոբյանը:
Նախկին պատգամավորի կարծիքով՝ Գ. Ծառուկյանի քայլը կօգնի նաև երկրի հանդեպ ժողովրդի վստահությունը վերականգնելուն: Եվ դա ոչ թե այս կամ այն կուսակցության դեմ ուղղված քայլ կլինի, այլ՝ ավելի համոզիչ ծրագրի տեսքով կլինի, որին կվստահի ժողովուրդը:
«Ժողովրդին պետք չի դեմ գնալ, և եթե որևէ մեկը խելոք բան է ասում, մենք հո հիմա՞ր չենք, գնանք այդ անձնավորությանն ասենք՝ գիտե՞ս ինչ, դու սխալ ես ասում: Ընդհակառակը, մենք նույնպես պետք է ողջունենք նման քայլերը»,– ասաց Հ. Հակոբյանը:
Խոսելով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ խորհրդարանական ընտրություններին նույն՝ «Ծառուկյան» դաշինքով մասնակցելու մասին, նախկին ԱԺ պատգամավորն ասաց. «Բնական է, որ կլինեն մարդիկ, ովքեր կնախընտրեն այդ ոճի մարդկանց: Տարբեր մարդիկ, տարբեր մասնագիտություններ, տարբեր բնավորություններ թող լինեն, ընտրողն էլ թող որոշի ում է ընտրում»:
Անդրադառնալով Գ. Ծառուկյանի կողմից իր կուսակիցներին ու ներկաներին ուղղված՝ այլոց հանդեպ ներողամտություն ցուցաբերելու մասին հնչեցված մտքին, Հ. Հակոբյանը նշեց, որ ողբացողները թույլ մարդիկ են, իսկ ուժեղ և խելոք մարդիկ միշտ ավելի ներողի դերում են լինում:
«Շատ քաղաքակիրթ երկրներում մարդիկ մեկ օրվա մեջ մի քանի տասնյակ անգամ իրարից ներողություն են խնդրում: Այսինքն, դա նաև քաղաքակրթության նշան է և ամենևին էլ չի նշանակում, թե կոտրվեցիր: Ինձ համար շատ հետաքրքիր էր դա, որովհետև ես հենց այդպիսի կարգավիճակով էլ ապրում եմ»,– ասաց Հ. Հակոբյանը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: