Զուրաբյան. Լավրովն ադրբեջանցի լրագրողին կարճ եւ հստակ պատասխանեց. Ղարաբաղի խնդիրը Բաքվի ներքին գործը չէ
ՔաղաքականությունՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի լրագրողին կարճ եւ հստակ պատասխանեց. Ղարաբաղի խնդիրը Բաքվի ներքին գործը չէ։ Այս մասին փետրվարի 10-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ 1990-ականերին հայ դիվանագետների հաջող ջանքերի շնորհիվ հաջողվել էր սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի 11 երկրների մասնակցությամբ ԵԱՀԿ ՄԽ գիտաժողովում։ Դա արձանագրվել է 1992-ին Հելսինկյան փաստաթղթով։ Այսինքն՝ Բաքվի կարծիքը, թե ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի ներքին գործն է, հերքվել է դեռ քառորդ դար առաջ միջազգային մակարդակով։ «Իսկ 1994-ի դեկտեմբերին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում արձանագրվել էր, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է՝ Ադրբեջանին եւ Հայաստանին իրավահավասար։ Այդ պատճառով Լավրովի պատասխանը պարզ էր եւ փաստերի վրա հիմնված»,– նշեց Զուրաբյանը։