Շիրակ գյուղում այսօր հուղարկավորել են զոհված զինծառայողին (Ֆոտո)
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանի զինուժի կրակոցից փետրվարի 6-ին առավոտյան զոհված Գոռ Գարեգինյանին հուղարկավորել են այսօր՝ Շիրակ գյուղում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա զարմուհին՝ Արմինե Ուստյանը։
Նրա խոսքով՝ Գոռը մտադիր էր մնալ հայրենիքում եւ կրթություն ստանալ այստեղ։ Չէր ցանկանում ընտանիքի նման բնակվել արտերկրում։
«Ծնողները գնացել էին արտերկիր գումար վաստակելու։ Ինքը ուզում էր Հայաստանում սովորել»,-ասաց նա։
Գոռը իրենից փոքր երկու եղբայր ունի՝ 17 եւ 10 տարեկան: Հաջորդ տարի միջնեկ եղբայրը կզորակոչվի բանակ։
Նշենք, որ Գոռի ընտանիքը Հայաստանում տնակում էր բնակվում` սոցիալապես ծանր պայմաններում, այդ պատճառով տարիներ առաջ ՌԴ էին մեկնել:
Հիշեցնենք, որ ըստ ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության` 2017թ. փետրվարի 6-ին ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Գոռ Համազասպի Գարեգինյանը:
Գոռ Գարեգինյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: