«Իր ակտիվները կառավարելու սխեման չի ազատել Թրամփին շահերի բախումից»
ՔաղաքականությունԻր ակտիվները կառավելու սխեման չի ազատել Թրամփին շահերի բախումից։ Թրամփի ակտիվները կառավարող թրասթային հիմնադրամի ղեկավար պաշտոններում են հայտնվել Թրամփի մերձավորները, որոնց նա կարող է փոխարինել, գրում է The New York Times–ը։
Թրասթային հիմնադրամի, որին միլիարդատեր Թրամփը փոխանցել է իր ակտիվները նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ, հոգաբարձուների թվում են նրա որդի Դոնալդ Թրամփ կրտսերը եւ Trump Organization ընկերության ֆինանսական տնօրեն Ալեն Վայսելբերգը։ Թերթը նշում է, որ Թրամփը իրավունք ունի ցանկացած պահի հետ կանչել կամ փոխարինել հոգաբարձուներին։ Բացի այդ, թրասթային հիմնադրամը գրանցված է Դոնալդ Թրամփ կրտսերի սոցիալական ապահովության համարով։
NYT–ի փոխանցմամբ, երբ ընտրություններից հետո նախագահին խնդրել են իր ակտիվների կառավարումը հանձնել, այսպես կոչված, «կույր» հիմնադրամի, Թրամփը հրաժարվել է՝ պատճառաբանելով, թե օրենքը իրեն չի պարտադրում հենց այդպես վարվել։ Իրավաբանը, որը թերթի խնդրանքով անցկացրել է թրասթի փաստաթղթերի փորձաքննությունը, հայտարարել է, որ տվյալ սխեման չի կարող ազատել նախագահ Թարմփին շահերի բախումից։