Ստամբուլահայ աշակերտը իրավունք է ստացել NASA-ի տիեզերագնացների պատրաստման ծրագրին մասնակցել
ՄիջազգայինՍտամբուլի Ֆերիքյոյի Մերամետչյան դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Մասիս Քարան իրավունք է ստացել մասնակցելու NASA-ի տիեզերագնացների պատրաստման կրթական ծրագրին (ATX)։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, հայ աշակերտը Թուրքիայի խելացի աշակերտների կրթական հիմնադրամի աջակցությամբ կարողացել է մասնակցել մրցույթի ու իրավունք ստանալ մասնակցել NASA-ի տիեզերական կենտրոնում կազմակերպվող NASA-ի տիեզերագնացների պատրաստման կրթական ծրագրին։
Հայ աշակերտին տրված է հնարավորություն ծանոթանալ NASA-ի տիեզերագնացների հետ, օգտագործել, իրական տիեզերանավերի սիմուլյատորներ, պատրաստել սեփական հրթիռն ու օդ բարձրացնել այն, ստեղծել սեփական ռոբոտներն ու մասնակցել մրցույթի։
Մերամետչյան դպրոցի տնօրեն Արփի Մանուկյանը նշել է, թե Մասիսը շատ ընդունակ աշակերտ է մի շարք ոլորտներում։ «Գրականությունից ու շախմատից ստացած մրցանակներ ունի, իսկ գիտության հետ կապված հետաքրքրություններն ամրապնդվեցին ԹՈՒՄՈ-ի հետ համագործակցության արդյունքում։ Մասիսն այն քիչ աշակերտների թվին է պատկանում, որ NASA-ն ընդունել է իր մոտ»,-ասել է տիկին Մանուկյանը։