ՀՀԿ–ական Սամվել Դարբինյանի գործերը լավ են. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Չնայած Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ի ցուցակով չի առաջադրվի, սակայն դա ամենևին էլ չի խանգարում, որ նրա տրամադրությունը շատ բարձր լինի: «Փաստի» հետ զրույցում նա տեղեկացրեց նաև, որ քաղաքապետի պաշտոնը հանձնելուց հետո կրկին վերադարձել է իր հիմնական աշխատանքին:
«Ճանապարհաշինությունից եկել էի քաղաքապետ, հիմա նորից վերադարձել եմ իմ հին տեղը և զբաղված եմ նոր ճանապարհի մի մասի կառուցապատմամբ»,– ասաց Ս. Դարբինյանը:
Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ–ից դուրս գալու դիմում ներկայացնելու և այդ պատճառով էլ կուսակցությունում ներքին խուճապային տամադրությունների մասին էլ ասաց, որ ինքը հոգով–սրտով ՀՀԿ–ական է, բայց կուսակցության անդամներից որևէ մեկի կողմից կատարած քայլերի մասին կարծիք հայտնել չի կարող:
«Յուրաքանչյուրն ինքը պետք է կարողանա իր քայլերի համար պատասխան տալ: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ՀՀԿ–ից դուրս գալու մտադրություն չունեմ, քանի որ Հանրապետականն ինձ համար շատ հոգեհարազատ կուսակցություն է: Ես 1997 թ.–ից մինչ օրս այս կուսակցության անդամ եմ և մինչև վերջ էլ այս կուսակցության անդամն եմ լինելու»,– ասաց Ս. Դարբինյանը:
Նա նաև հավելեց, որ ՀՀԿ–ի վարած քաղաքականությունն իր անձնական քաղաքականությունն է, իսկ ՀՀԿ–ում ո՛չ խուճապ կա, ո՛չ էլ կարող է լինել:
«Երկրի ամենահզոր կուսակցությունում ո՞նց կարող է խուճապ լինել: Կլինեն մարդիկ, ովքեր դուրս կգան կամ նորից կանդամագրվեն կուսակցությանը, բայց ինչպե՞ս կարող է խուճապ լինել, եթե միայն վերջերս 7000–ից ավելի մարդ է անդամակցել ՀՀԿ–ին»,– ասաց Ս. Դարբինյանը:
Նրա կարծիքով՝ բոլոր կուսակցություններում էլ նման գործընթացներ տեղի ունենում են: Եվ եթե ՀՀԿ–ում առաջին անգամ է նման բան տեղի ունենում, ապա մյուս տեղերում դա անընդհատ և շարունակական բնույթ է կրում: Ս. Դարբինյանը հրաժարվեց երկրում ընթացող քաղաքական պրոցեսների մասին տեսակետ հայտնել՝ նշելով, որ ինքն իր կուսակցության հետ է, իսկ մնացածի մասին էլ խոսել չի ուզում:
«Ընդհանրապես բոլոր ընտրություններն էլ պայքար են, և մենք որևէ ուժի չենք թերագնահատում: Նորից եմ կրկնում, մենք հանրապետության ամենահզոր ու ամենամեծ կուսակցությունն ենք և հաստատ համոզված եմ, որ ընտրություններում կրկին առաջին տեղում ենք լինելու»,– ասաց Վանաձորի նախկին քաղաքապետը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: